Ադրբեջանի ՀՆԱ-ում ստվերային տնտեսության տեսակարար կշիռը 2009 թվականին կազմել է 21 տոկոս: Այս մասին ադրբեջանական «Էխո» պարբերականի հետ զրույցում հայտարարել է անկախ տնտեսագետ Օքթայ Ագվարդիեւը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի վերջերս կատարած հետազոտությունը: Նրա խոսքով, տարբեր տարիներին Ադրբեջանում ստվերային տնտեսությունը տատանվել է 18-24 տոկոսի սահմաններում:
Իր հերթին՝ Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի ղեկավար Վուղար Բայրամովը նշել է, որ նախկինում Ադրբեջանում, իսկապես, ստվերային տնտեսությունը զգալի մեծ էր եւ միջազգային կազմակերպությունների գնահատականներով, 90-ականներին այն հասնում էր 60 տոկոսի:
«Ելնելով դրանից, եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է 1999-2007 թվականների միջին ցուցանիշների մասին, Համաշխարհային բանկի գնահատականը ճշմարտանման է թվում»,- ասել է նա:
Ներկայումս, փորձագետի կարծիքով, Ադրբեջանի ՀՆԱ-ում ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կազմում է 30 տոկոս: Միաժամանակ, ըստ Բայրամովի, այդ ցուցանիշը աստիճանաբար նվազելու է եւ 2015 թվականին կկազմի 15 տոկոս:
Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի՝ Ադրբեջանում ստվերային տնտեսությունը կազմում է 63,3 տոկոս:




























