Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները  ապրիլի 1-ին, ժամը 08.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Նալբանդյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 25-ամյա Արթուր Մ.-ին, որը բացատրություն է տվել, որ մարտի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ից կատարել է մի շարք գողություններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ի ժամը 16.30-ից  16.40-ն ընկած ժամանակահատվածում, Արթուր Մ.-ն Երեւանի Կորյունի փողոցի 2 հասցեում գտնվող ԵՊԲՀ գրադարանում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դիշա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են 25.000 դրամ,   ընտանեկան 2 նկար, ուսանողական քարտ, առողջության ապահովագրության քարտ եւ Հնդկաստանի Հանրապետության բանկային քարտ:

Պարզվել է նաեւ, որ մարտի 31-ին, ժամը 15.10-ից  15.30-ն ընկած ժամանակահատվածում, Արթուր Մ.-ն ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի լսարաններից մեկում 19-ամյա Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է  դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր եւ այցեքարտեր:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: