«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Կոտայքի մարզպետի պաշտոնին Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նշանակումը: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարապետ Գուլոյանը մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման ոլորտում, եղել է լավ քաղաքապետ եւ կարծում է, որ կկարողանա մարզը զարգացնել եւ մեծ հաջողություններ գրանցել:
Հարցին, թե չեն կարծո՞ւմ, որ ԲՀԿ-ից դուրս գալն էր մարզպետ նշանակվելու գինը, ԲՀԿ խոսնակը պատասխանեց հետեւյալը. «Ես կարծում եմ, որ նորանշանակ մարզպետը, անկախ իր կուսակցական եւ քաղաքական գործունեությունից, աչքի է ընկել իր աշխատանքով եւ որեւէ այլ մեկնաբանություն չենք ընդունում: Մենք ողջունում եւ շնորհավորում ենք»:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այժմ կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո, հայր եւ որդի Գուլոյանները եւս լքել էին ԲՀԿ շարքերը: 36-ամյա Կարապետ Գուլոյանը այսօր նշանակվել է Կոտայքի մարզպետ:





























