Ժամեր առաջ Կոտայքի մարզպետ նշանակված Կարապետ Գուլոյանը Հայաստանի ամենաերիտասարդ մարզպետն է:  NEWS.am-ը Կոտայքի մարզպետարանի կայքից տեղեկացավ, որ նա ընդամենը 36 տարեկան է, մինչդեռ Հայաստանի բոլոր մարզպետները 45-ից բարձր տարիքի են, հիմնականում՝ 50 եւ ավելի: Կարապետ Գուլոյանը ավարտել է ԵՊՀ-ն, այնուհետեւ Հայաստանի Կառավարման ակադեմիան: Ըստ որում՝ երկրորդ բուհում սովորելու տարիներին նա արդեն դատախազությունում ստաժոր էր, այնուհետեւ՝ քննիչ: Կառավարման ակադեմիան ավարտելուց մեկ տարի անց Կարապետ Գուլոյանը նշանակվել է դատախազ: Մեկ տարի դատախազ աշխատելուց հետո էլ՝ 2008թ ընտրվել է Աբովյանի քաղաքապետ: 2012թ սեպտեմբերի 23-ինժ վերընտրվել է այդ պաշտոնում: Նա ամուսնացած է Ծառուկյանի դստեր հետ, ունի 3 երեխա:

Նշենք, որ նրան մարզպետ նշանակելուց հետո թափուր է մնում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը, որտեղ ընտրություններ պետք է լինեին 2016թ սեպտեմբերին: Կառավարության՝ Աբովյանում արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետում՝ վերջին կիրակի օրը, տեղի կունենա ընտրություն:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը,  ով այժմ կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո, հայր եւ որդի Գուլոյանները եւս լքել էին ԲՀԿ շարքերը: