Այսօր Երեւանում տեղի են ունեցել «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. հետագա ուղին» թեմայով քննարկումներ։ Որպես կազմակերպիչներ հանդես են եկել Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG): Այս նախաձեռնության դրդապատճառը թերեւս այն է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության ծրագրերի հետ կապված կա անհամաձայնություն Հայաստանի կառավարության եւ ԱՄՀ ներկայացուցչության միջեւ։ ԱՄՀ-ն առաջարկում է տնտեսական քաղաքականության ավելի ռադիկալ մոդել, որը ինչ-ինչ պատճառներով կառավարության համար ընդունելի չէ։ ԱՄՀ առաջարկությունների մանրամասները հայտնի չեն։ ԱՄՀ հայաստանյան  ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան, ելույթ ունենալով քննարկման ընթացում, Հայաստանի տնտեսությունը համեմատեց ավտոմեքենայի հետ։ Նա ասաց, որ 2003-08 թ.թ. այս ավտոմեքենան ընթանում էր շատ արագ, սակայն երբ փոթորիկ եղավ, այն սայթաքեց եւ փչացավ։

Կառավարությունը եւ ԿԲ-ն շատ արագ արձագանքեցին եւ կարողացան մեքենան սարքին վիճակի հասցնել, որին օգնեց նաեւ ԱՄՀ-ն։ Տոլոսան ԱՄՀ-ն բնութագրեց որպես փրկարար ջոկատ։ Հիմա, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Հայաստանը դուրս է եկել փոթորկալի տարածքից ու մայրուղով ընթանում է դեպի տնտեսական զարգացում։ Տոլոսան այդ մեքենայի անիվները համեմատեց մակրոտնտեսական կայունության, իսկ շարժիչը՝ միկրոտնտեսական քաղաքականության հետ։ Ահա հենց այս շարժիչն էլ առաջարկվում է ամբողջովին փոխել։ Սա բավական սկզբունքային պահ է, քանի որ ԱՄՀ-ն երբեք չի զբաղվել Հայաստանի միկրոտնտեսական քաղաքականությամբ՝ բավարարվելով մակրոտնտեսական ցուցանիշներով։ Թերեւս այդ պատճառով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի արձագանքը բավական կտրուկ էր եւ կոշտ։ Այն հնչեց հետեւյալ կերպ. «Եթե խորհրդային «Ժիգուլին» քշես ամերիկյան ճանապարհներով, նույնքան արագ շարքից դուրս կգա, ինչպես եթե «Մերսեդեսը» քշես հայկական ճանապարհներով։ Արդյո՞ք շարժիչը փոխելու անհրաժեշտություն կա՝ այդ հարցի պատասխանը պետք է տանք միայն մենք»։ Նախարարի կարծիքով՝ Հայաստանն իր մրցունակությունը կբարձրացնի երկրորդ սերնդի բարեփոխումների միջոցով։ «Լավ շարժիչով լավ մեքենա լավ ճանապարհի վրա»,-Հայաստանի տնտեսական ապագան այսպես ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։