Կոտայքի արդեն նախկին մարզպետ Արամ Հարությունյանը ամենեւին էլ չի տխրել աշխատանքից ազատվելու պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Հարությունյանը նշեց, որ գտնվում է մարզպետարանում, աշխատանքներն է ավարտում, մի շարք միջոցառումներ կային նախատեսված:
Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի պաշտոնում Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նշանակմանը, Արամ Հարությունյանը նշեց, որ այդ նշանակմանը նորմալ է վերաբերում, նա տիրապետում է մարզի խնդիրներին:
Անդրադառնալով իր՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու մասին լուրերին՝ Արամ Հարությունյանը նշեց, որ նման քննարկումներ եղել են, բայց չի ուզում ժամանակից առաջ անցնել: «Կլինի նշանակում, բոլորը կիմանան: Եթե ինձ վստահեն այդ ոլորտը, ես այդ ոլորտին քաջատեղյակ եմ, ծանոթ եմ, կկարողանամ իմ աշխատանքը ցուցաբերել»,-ասաց Արամ Հարությունյանը:
Նշենք, որ Արամ Հարությունյանը մարզպետ է նշանակվել 2014թ մայիսի 8-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը:





























