Եթե ընդդիմությունը համաձայնվում է իշխանությունների հետ, նրան զրկում է արտաքին քաղաքականության մեջ մանեւրելու հնարավորությունից: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը: «Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ընդդիմությունը բացարձակապես չի խանգարելու իշխանություններին Ղարաբաղի  եւ հայ-թուրքական հարցերում, դա միջազգային հանրությունը  օգտագործում է ի վնաս Հայաստանի, եւ իշխանությունն էլ զրկվում է ընդդիմության դժգոհության գործոնն օգտագործելու միջոցով մանեւրի հնարավորությունից»,-ասաց Նիկոյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ընդիմությունը վերսկսում է հանրահավաքային պայքարը եւ դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԼՂ հարցի կարգավորման վրա, Նիկոյանն ասաց. «Հանրահավաքը չի կարող լինել օգտակար կամ վնասակար: Ես ընդդիմության յուրաքանչյուր միջոցառմանը շատ դրական եմ վերաբերվում, եթե դա տեղի է ունենում օրենքների պահպանմամբ»: Նա նաեւ հավելեց, որ եթե հանրահավաքներում հնչելու են ազգը համախմբող կարգախոսներ, ինքը ողջունում է նման միջոցառումները: «Եթե դրանք օրիանականության մեջ հանրահավաքներ են՝ կեցցեն, եթե ազգը համախմբող հանրահավաքներ են՝ կեցցեն: Իսկ եթե դա վերաբերում է նրան, թե՝ «հեռացի՛ր», «ջարդենք-փշրենք-կազմաքանդենք», ապա ես դա չեմ ընդունում»,-հավելեց Նիկոյանը: