ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի եւ քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանը, եւ վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, եւ վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը եւ Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե բացի այդ, Օ. Մկրտչանը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան եւ գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի եւ քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





























