Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար դատախազ Արթուր Երիցյանը այսօր` ապրիլի 2-ին, Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց 14 տարվա ազատազրկում` անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ:

Դատախազի խոսքով` ամբաստանյալի մեղավորությունն ապացուցող բոլոր հանգամանքները հիմնավորվել են, և ամբաստանյալը տուժողներից խարդախությամբ գումար շորթելու դիտավորություն է ունեցել, ոչ թե գործերի անհաջողության պատճառով չի կարողացել վերադարձնել գումարները, ինչպես պնդում է ինքը։ Դատախազը նաև նշեց, որ չնայած` Արթուր Անդրեասյանը ներկայացրել է, որ  ինքը վատառողջ է և 2 անգամ ինսուլտ է տարել, սակայն դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցվել է, որ նա պատիժն ի վիճակի է կրել ՔԿՀ-ում:

«Պատիժը մեղմացնող միակ հանգամանքն այն է, որ նա իր խնամքի տակ ունի 14 տարեկան երեխա, այլ մեղմացուցիչ հանգամանքներ չկան: Տուժողների ներկայացրած քաղհայցերը ենթակա են բավարարման»,-ասաց Արթուր Երիցյանը:

Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 30-ը՝ ամբաստանյալի փաստաբանին հնարավորություն տալով նախապատրաստվել պաշտպանական ճառին։

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: