Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ ցանկանալով ընդլայնել շփման գիծը, բարձրացնել ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը եւ հետախուզության շնորհիվ փոքր հաջողություններ գրանցել, քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված փոխզիջումների պատրաստ չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի դիմի, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի տարածքը պաշտպանված է հայկական մարտունակ բանակով, հայ-ռուսական հարաբերություններով եւ ՀԱՊԿ պայմանագրով:
«Հայկական կողմը վարելով ճիշտ քաղաքականություն՝ ապահովում է ռազմաքաղաքական բալանս: Ագրեսիայի դեպքում մենք աջակցություն ենք ստանում ՀԱՊԿ անդամ երկրներից եւ Ռուսաստանից: Մեր անվտանգությունը տարածաշրջանում ապահովված է գլոբալ մակարդակով: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը միջամտելու է: Այդ դեպքում Ադրբեջանն ստիպված է լինելու հարձակվել Հայաստանի վրա, իսկ մեր սահմանները պաշտպանված են, մենք Ռուսաստանի հովանու ներքո ենք, Ռուսաստանն Ադրբեջանին թույլ չի տա պատերազմ սկսել: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, նա երբեք նման քայլի չի դիմի, որովհետեւ սա բերելու է ՀԱՊԿ-ՆԱՏՕ կամ Ռուսաստան-Թուրքիա հակամարտության, որը բացառվում է, դրան ոչ մի գերտերություն ուղղակիորեն չի գնա»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ շփման գծում ճնշումներ գործադրելով՝ Ադրբեջանը փորձում է լուծել մի շարք ներքին, արտաքին եւ ռազմավարական խնդիրներ:
«Ադրբեջանն այս կերպ փորձում է փոքր հաջողությունների հասնել, չէ՞ որ ռազմական բյուջեից մեծ ծախսեր է անում: Այսկերպ փորձում է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում բնակչության մեջ վախ մտցնել, խթանել արտագաղթը, հասնել այն բանին, որ Հայաստանում մնա 1 միլիոն հայ, նոր իրենց հարցերը լուծեն: Ադրբեջանը փորձում է նաեւ ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա, հօգուտ իրենց հարցի կարգավորման տարբերակներ մշակել, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել Ադրբեջանի նավթը շահագործող երկրներին»,- մանրամասնեց Հարությունյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի կարծիքով եւս՝ մոտ ապագայում Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա:




























