2013թ. ապրիլի 2-ին գյուղապետարանի մոտ սպանված՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի մարտական ընկերները իրավապահ մարմիններին կոչ են անում քննել Հրաչ Մուրադյանի՝ գյուղապետ ընտրվելու ժամանակ տեղի ունեցած  դեպքերը՝ սպանությունը բացահատելու համար: Հրաչ Մուրադյանի մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանն այսօր՝ ապրիլի 2-ին, նրա հիշատակին կազմակերպված սգո երթից հետո իր ելույթում նշեց, որ ընտրությունների ընթացը քննելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամանակում բացահայտել սպանությունը: 

«Մենք բոլորս՝ այն մարտական ընկերները, որ մասնակցել են ընտրություններին, նաեւ իրավապահ մարմինները, շատ լավ են հիշում այն խաժամուժը, որ տարբեր պրովոկացիաներով փորձում էին մեզ ներքաշել։ Այն ժամանակ խառնված էին նաեւ որոշ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Քննեք ընտրությունների ընթացքը եւ կարող եք շատ հեշտ, շատ կարճ ժամանակում գտնել այն ճիվաղին, այն թուրքին, որը ձեռքը բարձրացրեց եւ օրը ցերեկով կտրեց հերոսի կյանքի ուղին»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը՝ նշելով, որ իրենք դեռ հույս ունեն, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտվելու է: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցին նրա հարազատները, ընկերները եւ ՀՅԴ ներկայացուցչներ սգո երթով գյուղապետարանի մոտից հասան «Զորաց պանթեոն», որտեղ խնկարկեցին գյուղապետի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, որն էլ դեպտեմբերի 25-ին վերացվել էր եւ նա ազատ էր արձակվել: Արայիկ Պետրոսյանն առ ասյօր մեղադրյալի կարգավիճակում է:

Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը այլ անձ է, եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին: