Հայաստանը կարող  է սկսել ԼՂ-ի անկախության ճանաչման գործընթացը, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառի խնդիրը կարգավորելու բոլոր ռեսուրսները: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը կարող է ստիպել Հայաստանին ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Ըստ Նիկոյանի՝ ներկայումս Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը քաղաքականապես նպատակահարմար չէ:

ԱԺ փոխխոսնակն անդրադառնալով Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը՝ նշեց, որ այդ որոշումը անսպասելի չէր Հայաստանի համար եւ տվեց այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք արծարվում են նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ: «Եթե ընդհանուր առմամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պարտադիր իրականացման ենթակա է, եւ Կոսովոն իրականացրել է, ապա ես համաձայն կլինեի, որ ճանաչվեր։ Բայց պետական քաղաքականությունն ու այլ խնդիրների կոմպլեքս դիտարկումն է պատճառը, որ Հայաստանը մինչեւ այժմ դա չի արել։ Կարծում եմ, որ Հաագայի դատարանը բոլոր հարցերի պատասխանը տվեց»,-նշեց նա: Հաագայի դատարանի որոշումը Նիկոյանը համարեց նախադեպային՝ չբացառելով, որ այն կարող է լրացուցիչ վեկտոր լինել Հայաստանի համար, քանի որ «սա տալիս է գործողությունների բավական լայն շերտ»: Ըստ նրա՝ դատարանի այդ որոշումը Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը պետք է օգտագործի՝ ԼՂ խնդիրը միջազգային դատարաններում բարձրաձայնելիս:

Նիկոյանն  այս համատեքստում անդարադարձավ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների տարբերություններին։ «Հետաքրքիրն այն է, որ տարբերությունը միայն այն է, որ Կոսովոն գտնվում է Եվրոպայում եւ նրա անունը Կոսովո է, իսկ սա ԼՂ–ն է։ Այնտեղ ապրում են ալբանացիներ, այստեղ հայեր են։ Մեկ տարբերություն էլ կա՝ ԼՂ–ն իր անկախությունն իրականացրել է միջազգային բոլոր օրենքների եւ այդ ժամանակվա գործող ԽՍՀՄ–ի բոլոր օրենքների խստիվ պահպանմամբ։ Պահպանվել են միջազգային իրավունքն ու ԽՍՀՄ օրենքներն ամբողջությամբ»: Ըստ Նիկոյանի մյուս տարբերությունն այն է, որ Կոսովոյում հումանիտար աղետը կանխվեց միջազգային հանրության ռազմական ջանքերի շնորհիվ, իսկ ԼՂ–ում ժողովուրդն ինքը կարողացավ հումանիտար աղետը կանխել եւ իրեն պարտադրված պատերազմում հաղթել։ «Բացի դա, միջազգային հանրությունը Կոսովոյին օգնեց, որպեսզի նա անկախ պետություն կառուցի, իսկ ԼՂ–ն փայլուն կերպով այդ ամենն ինքն է կատարում»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի  դիրքորոշումն այն դեպքում, եթե Կոսովոն, ի թիվս այլ երկրների, դիմի Հայաստանին` խնդրելով ճանաչել իր անկախությունը, Նիկոյանը խուսափեց պատասխանից՝ նշելով. «Չեմ կարող լիազորություններից դուրս հայտարարություններ անել»: