«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը սխալ է համարում սահմանադրական քննարկումների մեջ ներքաշվելը եւ կարծում, որ բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են սահմանադրական փոփոխության գործընթացին, աջակցում են իշխող կլանին:

Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.

««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն ապրիլի 2-ի քաղաքակական խորհրդի նիստի օրակարգում ունենալով վարչախմբի կողմից այսպես կոչված հանրային քննարկման առարկա դարձնելու Սահմանադրական փոփոխության հարցը` հայտարարում է.

Վերջին 20 տարում Հայաստանում ձեւավորվեց ու ամրապնդվեց քրեա-օլիգարխիկ համակարգը, ինչին որեւէ ձեւով չի նպաստել եւ չի խանգարել 1995թ. ընդունված եւ 2005թ. Ռ.Քոչարյանի կողմից ուրվականների հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունը:

Գործող Սահմանադրությունը չէր կարող խոչընդոտել երեք նախագահներին` երկրում իրագործելու օրենքի գերակայությունը, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանվեր այնպես, ինչպես 1991-1994թթ.-ին, ինչը նպաստեց ոչ միայն ինքնիշխան պետականության հիմքերը դնել, այլեւ ազատագրել Արցախը:

Քսան տարում իրականացված քաղաքականության արդյունքում ունենք սոցիալապես աղքատ, հուսալքված, իր հայրենիքում տնվորի կարգավիճակում գոյատեւող իրավազուրկ ժողովուրդ:

1996թ.-ից Հայաստանում խորանում է արդարության ու արդարադատության դեֆիցիտը:

Շարունակական արտագաղթն արդեն վտանգում է մեր պետականության անվտանգությունը:

1995 թ.-ից սկսած յուրաքանչյուր իրար հաջորդող համապետական ընտրությունները հասարակության մեջ ձեւավորեցին անվստահություն ընտրությունների նկատմամբ, իսկ արդեն 1998թ.-ից արվեց ամեն ինչ ընտրական համակարգը ոչնչացնելու համար, ինչն իր վերջնական հանգուցալուծումը ստացավ 2008թ.-ի նախագահական ընտրություններում, երբ իշխող զույգին աջակցող Հանրապետական, ԲՀԿ, Դաշնակցություն, Օրինաց երկիր եւ էլի մի քանի լուսանցքային կուսակցությունների աջակցությամբ իրագործվեց մարտի 1-ի ոճրագործությունը:

Այսօր այդ նույն ուժերը շարունակում են սպասարկել վարչախմբին, ինչը լրացուցիչ անգամ ցույց տվեց վերջերս սահմանադրական փոփոխության առիթով Բաղրամյան 26-ի հանդիպումները, ցավոք այդ ցուցակը համալրվեց երբեմնի մեր գործընկերներով:

Բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են սահմանադրական փոփոխության գործընթացին, աջակցում են իշխող կլանին եւ հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի:

Իսկ այն ուժերը, որոնք հայտարարում են սահմանադրության հանրաքվեն վերածել Ս.Սարգսյանի վստահության հանրաքվեի, կարծում ենք` վտանգավոր է, որովհետեւ հավանականությունը մեծ է եւս մեկ անգամ հիասթափեցնել հասարակությանը եւ ամրագրել վարչախմբի լեգիտիմությունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ վարչախումբը հրապարակ նետելով սահմանադրական փոփոխությունը` նպատակը, ոչ միայն իշխանության վերարտադրությունն է, այլեւ` հիմնականում խնդիր ունի քաղաքական օրակարգից դուրս մղել վարչախմբի նկատմամբ հասարակության մեջ ահագնացող չափի հասնող անհանդուրժողականության հետեւանքներով հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ փորձել քողարկել իշխանության ոչ լեգիտիմությունը:

ԺՀԿ-ն ժամանակավրեպ համարելով սահմանադրական փոփոխությունը, գտնում է, որ սխալ է ներքաշվել ակտիվ քննարկումների մեջ, առավել եւս, բովանդակային մասով, պետք է անել հնարավորինս` հանրությանը հասցնելու վարչախմբի իրական նպատակները սահմանադրական փոփոխության հետ կապված: