Հայաստանում ներդրվելու է ավելացված արժեքի հարկի` ռիսկերի վրա հիմնված ավտոմատացված հետվերադարձի համակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 23-24-ը Ծաղկաձորում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում ՊԵԿ-ի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչները քննարկել են ԱԱՀ-ի հետվերադարձի ավտոմատ ռեժիմի մշակման, դրա կիրառության եւ ծրագրավորման խնդիրների կարգավորման հարցերը: Այս փուլում դեռեւս տեղի են ունենում ներքին քննարկումներ, հետագայում, միանշանակ, քննարկումներին կընդգրկվեն բիզնեսի ներկայացուցիչները:
Առաջիկայում ՊԵԿ-ը լայն հասարակության քննարկմանը կներկայացնի փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է բարելավել ավելացված արժեքի հարկի հետվերադարձի համակարգը: Ծրագիրն իրագործվում է ամերիկայն կողմի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ֆինանսավորմամբ:
Այս փուլում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարկային վարչարության բարեփոխումներն օժանդակող տեխնիկական աջակցության ծրագիրը (ՀՎԲՕՏԱ) եւ ՊԵԿ-ը նախաձեռնել են անցկացնել Հայաստանում ռիսկերի վրա հիմնված ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատացված համակարգին առնչվող խորհրդաժողով: Այս խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են ԱԱՀ-ի ավտոմատ վերադարձման համակարգի չափորոշիչներն ու դրանց գնահատումը, բիզնես գործընթացները եւ ավտոմատացված համակարգի համար առաջադրվող տեխնիկական լուծումները:
«Կոնկրետ եզրահանգումներ կան, կան կոնկրետ սահմանված ժամկետներ, եւ մինչեւ այս տարվա ավարտը մենք ամբողջական կունենանք այդ ծրագիրը, որը կլինի գործողության մեջ, եւ մեր հարկ վճարողները, ովքեր պարտաճանաչ եւ բարեխիղճ կերպով կառուցել են իրենց կենսագրությունը` ԱԱՀ-ի հետվերադարձի սխեմաներում, կարող են իրենց հայտն ավտոմատ հանձնելով՝ ստանալ իրենց հետվերադարձն ամբողջ ծավալով», ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:




























