Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան NEWS.am-ի այն հարցին, թե ինչ ռիսկեր է տեսնում Հայաստանի պետական պարտքի կառավարման հետ կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՀ-ն Հայաստանի խոշորագույն վարկատուն է, պատասխանեց, որ ԱՄՀ ծրագրով միջնաժամկետ հատվածում պետական պարտքի ցուցանիշն իջնելու է։ «Մեր հենակետային սցենարներում պետական պարտքի հետ կապված որեւէ ռիսկ չենք տեսնում»,- ասաց Տոլոսան։ Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է «պատշաճ» քաղաքականություն վարի, իրականացնի բարեփոխումներ, որը թույլ կտա տնտեսական բարձր աճի հասնել, որն էլ կապահովի պարտքի կրելիությունը։
Նշենք, որ 2010 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական արտաքին պարտքը կազմում է 2,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,6 տոկոսով։ Հակաճգնաժամային միջոցառումների համար ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 800 մլն դոլար վարկ։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի տեմպերին՝ Տոլոսան ասաց, որ աճի տեմպերի դանդաղեցում չկա, ուղղակի առաջին եռամսյակում չափազանց բարձր աճ արձանագրվեց մի շարք «արտառոց» պատճառներով, իսկ հիմա պարզապես աճը կայունացել եւ նորմալացել է։ Հիշեցնենք, որ ԱՄՀ գնահատականներով՝ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,8 տոկոս։ Տոլոսան վերահաստատեց այդ կանխատեսումը՝ ասելով, որ այն փոփոխման չի ենթարկվել։




























