Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սխալ է համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով նախատեսված գումարները գանձել այն դատավորներից, որոնց կայացրած վճիռների պատճառով մեր երկիրը պարտվում է ՄԻԵԴ-ում:
Նրա խոսքով՝ իհարկե, մտահոգիչ են ՄԻԵԴ-ի վճիռներն Ընդդեմ Հայաստանի Հանրապետության, երբ պետությունը վճարում է դատավորների սխալ վճիռների համար, բայց այդ այդ հարցը չպետք է լուծել դատական սխալ թույլ տված դատավորներից գումարը գանձելու միջոցով։
«Իհարկե մտահոգիչ են, եւ այդ մտահոգության արտահայտչաձեւը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում։ Չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որեւէ դատավոր չի ցանկանա գալ եւ աշխատել մեր համակարգում։ Չենք ուզում, չէ՞, որ մենք առանց դատական համակարգի երկիր ունենանք՝ ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա շատ կարեւոր է երկրի համար:
Եվ եթե դուք ուսումնասիրեք նույն եվրոպական երկրները, թեկուզ արեւմտյան եվրոպայի երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգեր, ժամանակակից, քաղաքակիրթ, որեւէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրոդատարանում պետության պարտվելու պատճառով։ Այնպես որ՝ ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծումն այն է, որ դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը լինի շատ քիչ, «ուրիշ ձեւ չկա»:
Դիտարկմանը, թե նման սխալ դատավճիռներ եղել են նաեւ այն ժամանակ, երբ ինքը Վճռաբեկ դատարանի նախագահն էր, Մանուկյանն արձագաքել է, որ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների տնօրենը չէ եւ դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են:





























