«Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած «Հայաստանի տնտեսական քաղաքականություն. հետագա ուղիներ» քննարկման ժամանակ, ասաց, որ Հայաստանում գրանցված 125 հազ. ձեռնարկությունների կեսը փաստացի չի գործում։ Հիմնական պատճառներից մեկը, ըստ Մուսայելյանի, բանկային բարձր վարկերն են՝ դրանց ուղեկցող այլ խիստ պայմաններով։ Համեմատելով Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները՝ Մուսայելյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերն այդ երկրում ավելի քիչ են եւ մենք տնտեսական զարգացման առումով նրանցից սովորելու շատ բան ունենք։
Հ. Մուսայելյանի քննադատական դիտողություններին պատասխանելու համար ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խոսքը փոխանցեց Կենտրոնական բանկի ներկայացուցչին, չնայած ֆինանսների նախարարությունն ավելի է նպաստում բարձր տոկոսադրույքների միջավայրի ձեւավորմանը, քան ԿԲ-ն։ Թողարկելով 14-15 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսեր՝ ֆինանսների նախարարությունը պարբերաբար «օփիում է ներարկում» բանկային համակարգ, որն այլեւս չի ցանկանում նորմալ տոկոսադրույքներով աշխատել։
Իսկ ԿԲ ներկայացուցիչ Աշոտ Մկրտչյանն արդարացավ, որ մի կողմից ցանկանում ենք ցածր տոկոսադրույքներով վարկեր, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքով ավանդներ։ Նրա գնահատմամբ՝ ավանդների բարձր տոկոսադրույքներն ու տնտեսության ռիսկայնությունը հանգեցնում են վարկերի թանկացման։




























