Սևանի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանի հարվածից հետո տեսողությունը կորցրած 13-ամյա Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Բեջանյանը կարծում է, որ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացվել է կողմնակալությամբ և վարույթն իրականացնող մարմինը սխալ է որակել ֆիզիկայի ուսուցչուհու կատարած արարքը։ Ուսուցչուհուն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանքը՝ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասնելու համար, ըստ փաստաբանի, պետք է փոխարինվի 112 հոդվածով՝ ուղղակի դիտավորությամբ մարմնական ծանր վնաս հասցնելը։
«Անզգուշությամբ կատարած հանցագործության որևէ հատկանիշ չկա, անկախ այն բանից, թե գործի քննության ընթացքում ցուցմունքներն ինչ մոտիվով են վերցվել: Եթե ուսուցչուհին գրատախտակի մոտից կախիչի մոտ է հասնում և կախիչը հրում երեխայի վրա` արտասանելով «Հեսա կտամ, կմտնես պատի մեջ», ապա այստեղ անզգուշության խնդիր չի կարող լինել: Կախիչի կեռիկը երեխայի աչքը հանել է։ Հնարավոր է, որ ուսուցչուհին չի ցանկացել այդ հետևանքը, բայց չցանկանալը դեռ չի նշանակում, որ նա հանցագործությունն անզգուշորեն է կատարել»,-ասաց փաստաբանը:
Ռոբերտ Բեջանյանի կարծիքով` եթե կատարվեր օբյեկտիվ քննություն, ապա պարզ կդառնար, որ արարքը ոչ թե անուղղակի դիտավորությամբ է կատարված, այլ ուղղակի դիտավորությամբ, քանի որ ըստ երեխայի ցուցմունքի` ուսուցչուհին արագ մոտենալով կախիչին, հրել է կախիչը` ցանկանալով պատժել իրեն: Մեղադրանքը փոխելու վերաբերյալ փաստաբանի դիմումը, սակայն, դատախազությունը մերժել է։ Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազը մերժել է քրեական գործի քննությունը Գեղարքունիքի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քննչական մարմնից տեղափոխելու խնդրանքը։
Փաստաբանը նաև նշեց, որ ուսուցչուհին սկզբնական ցուցմունքում ասել է, թե լսել է կախիչի մոտ գտնվող երեխայի բղավոցը, մոտեցել և տեսել, որ նրա դեմքն արյունոտ է: Նա պատճառաբանել է, որ հնարավոր է՝ երեխան անզգուշությամբ գլուխը շարժել է և վնասել իրեն, և սկզբնական շրջանում գործի քննությունը տարվել է հենց ինքնավնասման փաստով:
«Սակայն, գործի քննության ընթացքում, «Ազատության» լրագրողի հարցին պատասխանելով, Հասմիկ Մարգարյանը, մոռանալով նախկինում ասածները, շփոթմամբ այլ բան է ասել` իբր կախիչն ընկել է իր վրա և ինքը պատահաբար հրել է կախիչը և արդյունքում լսել կախիչի հետևում գտնվող երեխայի բղավոցը: Այնուհետև քննությունը տարվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու ուղղությամբ»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը նաև նշեց, որ դեպքից անմիջապես հետո, ոստիկանության աշխատակիցները ներկայացել են դպրոց, դասարանի աշակերտներին հավաքել են դասարանում և հարցրել, թե դեպքն ինչպես է եղել: Աշակերտներից 3-ը պատմել են, որ Մեսրոպը մրսել է և գնացել իր վերարկուն կախիչի վրայից վերցնելու, ուսուցչուհին, որը գրատախտակի մոտ է եղել, գոռալով` «հեսա կտամ, կմտնես պատի մեջ», կախիչը հրել է պատի ու կախիչի արանքում գտնվող Մեսրոպի վրա, ինչի հետեւանքով երեխայի աչքն ամբողջովին դուրս է եկել: Փաստաբանի խոսքով` դեռևս նյութերը պատրաստելու ընթացքում ականատես աշակերտների ծնողներին դպրոցի տնօրենը հրավիրել է ժողովի և նրանց ասել, որ ցուցմունք տալու ժամանակ չմոռանան, որ իրենց երեխաները դեռ սովորելու են այդ դպրոցում:
«Դրանից հետո, քրեական գործի նախաքննությունը տարվել է այնպես, որ աշակերտներից ոչ մեկը չի փորձել երեխային մոտենալ` օգնություն ցույց տալու, իբր նրանք տեսնելով արյունը՝ վախեցել ու վազել են դուրս և ոչինչ չգիտեն դեպքի մասին, ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանն էլ, տեսնելով արյունը, փորձել է օգնություն ցույց տալ երեխային և կանչել է շտապօգնություն»,-ասաց նա:
Նշենք, որ տուժողի մայրը` Էլմիրա Գևորգյանը, բաց նամակ է գրել ՀՀ նախագահին, խնդրելով, որ նախաքննության և սպասվող դատաքննության ընթացքում իրավապահ մարմինների կողմից կողմնակալություն չլինի:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհի Հասմիկ Անդրանիկի Մարգարյանը, կախիչը հրելով, վնասել է 13-ամյա Մեսրոպ Կարենի Խաչատրյանի աչքը, որը դուրս է եկել ամբողջությամբ, վնասվել են սնուցող ներվերը և այլևս հնարավոր չէ վերականգնել: Արդյունքում 13-ամյա Մեսրոպը դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ:





























