Ադրբեջանը մտադիր է մինչեւ 2020 թվականը սեփական ատոմային ռեակտորը կառուցել: Այս մասին գրում է runews24.ru-ն:
Աղբյուրի համաձայն, ենթադրվում է, որ առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանում 20 մեգավատ հզորությամբ հետազոտական, ինչպես նաեւ ուսումնական ռեակտոր է կառուցվելու:
Ներկայում Ադրբեջանում ռեակտորի վրա աշխատանքի համար կադրեր են պատրաստում Ռուսաստանում, եւ դա պատահական չէ. ռուսական Դուբնեում է գործում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը: Միջազգային միջկառավարական գիտահետազոտական այս կազմակերպությունում 18 պետություն է ընդգրկված, այդ թվում՝ Ադրբեջանը:
Տարեկան երկու անգամ ադրբեջանցի գիտնականները մեկնում են Դուբնե՝ միջուկային ֆիզիկայի ոլորտում անցկացված հետազոտությունների արդյունքների շուրջ փորձի փոխանակման նպատակով:
Ադրբեջանն արդեն դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ չորրորդ սերնդի միջուկային ռեակտորի կառուցման թույլտվություն ստանալու համար: Ռուսաստանը, որը միջուկային էներգետիկայի համաշխարհային առաջատարներից է եւ ընդգրկված է միջուկային վառելիքի մատակարարների խմբում, կարող է Ադրբեջանի համար փոխշահավետ պայմաններով հուսալի գործընկեր դառնալ ինչպես գիտական հետազոտությունների անցկացման, այնպես էլ ԱԷԿ-ի շինարարության հարցում:




























