2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 26 զինծառայող: Սա կրկնակի անգամ ավելին է նախորդ տարվա՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մահացության 26 դեպքերից 19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է (այդ թվում 12-ը հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության ( 1-ը՝ դիտավորյալ եւ 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետեւանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, եւ 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում:
2014 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացությունների թիվը կազմել է 26: Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակն ավելի է սրվում, որն իր հերթին հանգեցնում է ավելի շատ կորուստների:
2015 թ-ին գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը: Ըստ առկա տեղեկատվության վերջինս անհետացել էր, եւ դիակը հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):





























