Երեւանի Նոր-Նորք թաղամասում 2014թ. հուլիս 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը:
Նա հայտնեց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել գործով կալանավորվածների բողոքի հիման վրա:
«Սարգսյանները պնդում են, որ ամուսինս մահացել է հիվանդության պատճառով. ոչ թե ծեծի, ինչպես առաջին փորձաքննությունն է պարզել: Բայց ես համոզված եմ, որ իրականությունը պարզաբանվելու է, իմանալու ենք, թե ինչից է մահացել ամուսինս: Իմ հետագա քայլերն էլ կախված են հենց այս կրկնակի փորձաքննության պատասխաններից»,- ասաց տիկին Տանյան՝ նշելով, որ փորձաքննության եզրակացությունը ստացվելու է առաջիկա օրերին ընթացքում:
Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ազատամարտիկը մահացել է ծեծի հետեւանքով:
Հիշեցնենք, որ 52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողը, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել էին։





























