«Լեւոն Տեր-Պետրոսյանն, իմ խորին համոզմամբ, Հայաստանի ապագա նախագահն է եւ առաջիկա քաղաքական գործընթացները կապացուցեն դա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է գնալ թոշակի: Արամ Սարգսյանը ԱԺ փոխնախագահի նշված հայտարարությունը գնահատեց որպես  «ամառային շոգի հետեւանք» եւ ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

Հարցին, թե իշխանություններն ինչո՞ւ են ցանկանում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը մատուցել  որպես քաղաքականությունից հեռանալու, թոշակի գնալու ցանկություն, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Դե տղա են, էլի, թող խոսեն, ուրախանան: Եթե դա նրանց հանգստություն է պարգեւում, ապա թող այդպես մտածեն, ի՞նչ կարող ես անել»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական  Սամվել Նիկոյանն այսօր՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, թե ՀՀՇ 16-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ուղղված էր առաջին հերթին իր շրջապատին՝ Հայ ազգային կոնգրեսին, որով Առաջին նախագահը ցանկանում էր ասել. «Ես ուզում եմ գնալ թոշակի, ուղարկե’ք ինձ թոշակի, ինձանից ակտիվ գործողություններ մի’ պահանջեք: Ինձ հեռացրեք քաղաքականությունից»: