Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը երկու օր առաջ վճարել է 2000 դոլար տուգանքը, որը դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր Ավետիսյանների ընտանիքից հօգուտ պետբյուջեի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը։
«ԴԱՀԿ-ի դրած կալանքի ժամկետը լրանալու 3-րդ օրը տարանք, տուգանքը մուծեցինք։ 340 000 դրամը դրամահավաքից էր հավաքվել, մնացածը պարտքով եմ վերցրել, որ հետո վերադարձնեմ»,- ասաց նա։
Վոլոդյա Ավետիսյանի կինը նշեց, որ ԴԱՀԿ-ն արդեն կալանքից հանել է իրենց գույքը, իսկ քաղաքացին, որն իբրեւ Վոլոդյա Ավետիսյանին կաշառք էր տվել, դատարանում պնդել է, որ ինքը դրամական ոչ մի պահանջ չունի։
«Էդ գումարը լրիվ անիմաստ պետական բյուջե ենք մուծել»,- ասաց Ավետիսյանի կինը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել էին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը։





























