Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրների եւ հաստատության շրջանավարտների հետ:
Հանդես գալով ողջույնի խոսքով եւ պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը կարեւորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը առկա մարտահրավերների պայմաններում:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ: Սեյրան Օհանյանը ունկնդիրների հետ զրուցեց Հայաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների, ռազմաքաղաքական դիրքորոշումների, ազգային ու միջազգային երաշխիքների, պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացի դրույթների եւ առհասարակ՝ բանակաշինության ոլորտում կատարվող առանցքային բարեփոխումների մասին:
Խոսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, առկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նախարարը փաստեց, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականություն՝ հիմքում դնելով զինված ուժերի մարտական կարողությունների առավել զարգացման, դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների ընդլայման, բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործունեությունը:
Դասախոսության ավարտին ծավալվեց նաեւ ակտիվ քննարկում, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց ներկաներին հուզող բոլոր հարցերին:
.jpg)
.jpg)





























