Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանա, քանի դեռ կան Հայ ազգային  կոնգրեսը եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնելուն միտված նրա գաղափարները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության առաջնորդն իր վերջին հայտարարություններով ուզում է հասկացնել, որ ցանկանում է թոշակի գնալ։

Նրա խոսքով՝ ոչ Սամվել Նիկոյանը, ոչ էլ ուրիշ մեկը չպետք է ակնկալի, որ ՀՀ առաջին նախագահը քաղաքականությունից հեռանալու հայտ կներկայացնի։ «Բոլորին է հայտնի, թե իշխանական շրջանակներն ինչու են նման հայտարարություններ տարածում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը, իշխանությանը զուգահեռ, երկրում լուրջ գործոններ են։ Եվ որպեսզի իշխանությունները բացառեն այդ գործոնների քաղաքական հետագա գործունեությունը եւ նրանց դեմ համապատասխան տրամադրություններ բարձրացնեն, բնականաբար նման վայրահաչոց են ստեղծել»,- նշեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները Լեւոն Տեր-Պետրոսյանին  եւ ՀԱԿ-ին բոլորի «աչքից գցելու» պրիմիտիվ միջոցներ են ձեռք առել։

Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը  հայտարարել էր, թե դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներից, ընդդիմության առաջնորդն ակնարկում է, որ ցանկանում է թոշակի գնալ: