Հուլիսի սկզբին մեկնարկել է «Սոցիալական մեդիա և բլոգինգ. գործիքների և տեխնոլոգիաների կիրառում» սեմինարների շարքը, որի նպատակն է ակտիվացնել հայ ուսանողության շրջանում հետաքրքրությունը նոր մեդիա տեխնոլոգիաների և ռեսուրսների նկատմամբ:

Սեմինարները տեղի են ունեցել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

«ՆեոՄեդիա» նախագծի համահեղինակ Վարդան Պապիկյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ սեմինարներին ավելի շատ մասնակիցներ եղել են Երեւանում։ «Երեւանյան սեմինարների մասնակիցները շատ ավելի տեղեկացված են, քան շրջանների մասնակիցները, սակայն շրջաններում սոցիալական մեդիայի եւ բլոգերի մասին հետաքրքրվածությունն է բավականին մեծ»,-ասաց Պապիկյանը:

«ՆեոՄեդիա» նախագծի համահեղինակ Վարդան Գրիգորյանի խոսքով`  սեմինարներին ներկա էին ավելի շատ մասնակիցներ, քան նախատեսված էր, ինչը վկայում է այն մասին, որ սոցիալական մեդիայի և բլոգինգի մասին հետաքրքրությունը գնալով մեծանում է ոչ միայն Երեւանում: Սակայն քննարկվող թեմաները եւ հետաքրքրությունները Երեւանում եւ մյուս քաղաքներում տարբեր են:

 «Եթե Երեւանում ավելի շատ քննարկվում էին բլոգների եւ սոցիալական մեդիայի հեռանկարները եւ դրանց կարեւորությունը ընդհանրապես, ապա  մարզերի մասնակիցներին ավելի շատ հետաքրքրում էր դրանց ֆինանսական կողմը, թե բլոգ ունենալով որքան գումար իրենք կարող են աշխատել»,-ասաց Գրիգորյանը:

NeoVision սեմինարների շարքը կազմակերպվում է «ՆեոՄեդիա» նախագծի և «ՁԵՌՔ» Հ/Կ կողմից համատեղ:

NeoVision սեմինարների իրագործմանը աջակցում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (US Alumni Association of Armenia):

Սեմինարները կազմակերպվում են iSOCIAL նախաձեռնության և iReport.am բլոգ-պորտալի աջակցությամբ: