Հայաստանում հարցվածների ավելի քան 40 տոկոսը առավել հավանական է համարում, որ Պերմյակովը Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդն իրականացնելիս միայնակ չի գործել, նրա հետ հանցավոր խումբ է եղել։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Gallup International association ներկայացուցչության տնօրեն Արամ ՆԱվասարդյանը։

Նրա խոսքով՝ հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ  հանցագործությունը կատարվել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նպատակով։ 22 տոկոսը հայտարարել է, որ այդ հանցագործությունը թուրք-ադրբեջանական հերթական դիվերսիան է եղել։ «Եվս 13 տոկոսը կարծում է, որ այն կազմակերպված է եղել արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից։ 11 տոկոսն էլ նշել է, որ այդ ծանր հանցագործությունը կատարել է Պերմյակովը»,- ընդգծեց Արամ Նավասարդյանը

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: