Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբի» հիմնադիր համագումարն անցկացնելու համար արդեն դիմել են Կառավարության նիստերի դահլիճը զբաղեցնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:
Նրանք ցանկանում են համագումարն անցկացնել մայիսի 2-ին, բայց կախված դահլիճի ազատ լինելուց՝ հնարավոր է համագումարի օրը փոխվի: Մամուլի խոսնակն ասաց, որ շատ շուտով կլինի գրասենյակի բացումը, որին կհրավիրեն լրատվամիջոցներին: Վարդան Քոչարյանը չնշեց գրասենյակի հասցեն՝ հավելելով, որ բացումը կլինի, կհրավիրեն:
Առայժմ չեն հրապարակում նաեւ «Քաղաքացիական շտաբի» անդամների թիվը: «Սպասեք քայլերին, գործողություններին, համագումարը կլինի, քաղաքական կուրսի, անդամների թվի եւ որակի մասին ամեն ինչ կիմանաք»,-ասաց մամուլի խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ուրիխանյանը ցանկանում էր «Քաղաքացիական շտաբի» համագումարը անցկացնել Մարզահամերգային համալիրում, սակայն նրանց հայտնել էին, որ մայիսի 24-ից շուտ դահլիճ չեն կարող տրամադրել:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի:





























