Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նոր փաստաբան է ներգրավվել: Մեր տեղեկություններով՝ Ավետիսյանների դստեր՝ Անահիտի ներկայացուցիչը կլինի նաեւ փաստաբան Միհրան Պողոսյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ ի սկզբանե իրենք հայտարարել էին, որ ինչքան շատ փաստաբան ներգրավվի գործում, այնքան լավ: Նա ասաց, որ հարազատներն են ցանկացել եւ դիմել Միհրան Պողոսյանին, որպեսզի նա եւս ներգրավվի գործում:
Նշենք, որ Երեմ Սարգսյանը Ավետիսյանների դուստրերի, նրանցից մեկի ամուսնու եւ Ավետիսյանների տանտիրուհու քրոջ՝ Ռիտայի ներկայացուցիչն է: Վերջինիս ներկայացուցիչն է նաեւ փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովն առանց թույլտվության լքել էր ծառայությունն ու զենքով դուրս եկել քաղաք: Գյումրիի տներից մեկում նա գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի եւ դանակահարել 6 ամսական փոքրիկի, որը նույնպես ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։




























