Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն քրիստոնյա փոքրամասնությունները Մերձավոր Արեւելքում կրկին տառապում են: «Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ողբերգությունն ԻԼԻՊ-ից չի սկսվել» վերնագրով հոդվածում այս մասին գրել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Ըստ նրա, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ողբերգությունը պետք է վերաիմաստավորվի, այնպես, ինչպես դա կարվի, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշատակեն Օսմանյան կայսրությունում իրենց ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Հնարավոր է՝ ժամանակն է, որ մենք ճանաչենք ոչ միայն Օսմանյան կայսրության փոքրամասնությունների, այլ հենց քրիստոնյա փոքրամասնությունների սպանությունը, որոնք նահատակվել են, քանի որ հայեր էին, եւ որովհետեւ քրիստոնյա էին»,- գրել է Ֆիսկը:

Հայերի ճակատագիրը, հեղինակի խոսքով, նման է ԻԼԻՊ-ի այժմյան սպանություններին: «Հայ տղամարդկանց սպանում էին, կանանց՝ բռնաբարում, ստիպում կրոնափոխ լինել կամ թողնում էին սովից մեռնելու: Երեխաներին կույտերով ողջ-ողջ այրում էին: ԻԼԻՊ-ի դաժանությունները նորույթ չեն»,- նշում է Ֆիսկը:

«Իսլամական պետության» հանցագործություններն իրենց էությամբ նույնքան դաժան են, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի հանցանքները: Սակայն, ըստ Ֆիսկի, հավատափոխ եղած հրեաները չփրկվեցին նրանց ոչնչացման Հիտլերի ծրագրից: ԻԼԻՊ-ի եւ 1915 թվականի օսմանցի թուրքերի ընդհանրությունն այն է, որ նրանց դաժանության հիմքում գաղափարախոսություն է, նույնիսկ աստվածաբանություն, այլ ոչ թե ռասայական ատելություն: