Հիմնադիր խորհրդարանը հրապարակային դիմել է ոստիկանությանը ավտոշարասյան անվտանգ ուղեկցումն ապահովելու եւ նրա հանրահավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ։
«Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ ս.թ. մարտի 7-ի դեպի Գյումրի ավտոերթի խափանումը, ինչպես նաեւ մարտի 28-ի Գյումրիի հանրահավաքի խափանմանն ուղղված սադրանքներն ու դրանց հաջորդած դանակահարությունը ոստիկանության հանցավոր անգործության հետեւանք էին:
Ոստիկանության հանցավոր անգործության հետեւանքով մարտի 28-ին իրավախախտներն այնքան էին լկտիացել, որ Գյումրիից վերադարձող մեր ավտոշարասյանը հետապնդեցին եւ քարկոծեցին մինչեւ Երեւանի մատույցներ: Եվ սա այն պարագայում, երբ մայրուղու վրա ավտոմեքենաներով հերթապահություն էին կատարում ճանապարհային ոստիկանության մինչեւ մեկ տասնյակ կարգախմբեր:
Հարկավոր է նկատի ունենալ, որ կարճ ժամանակ անց, երբ ռեժիմն այլեւս չի լինելու, պետական կառույցները, այդ թվում՝ ոստիկանությունը, մնալու են իրենց տեղերում եւ շարունակելու են կատարել իրենց գործառույթները:
Հաշվի առնելով վերը նշվածը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է ոստիկանությանը եւ օրենքին ու ժողովրդին ծառայելու նպատակներով նրա շարքերում գտնվող բոլոր ոստիկաններին՝ պահանջելով կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները՝ անկախ օրվա կառավարող ռեժիմի տված հրահանգներից:
Այդ նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ոստիկանությունից պահանջում է համապատասխան կարգախմբեր հատկացնել ս.թ ապրիլի 8-ին, ժամը 13:00-15:00 Արթիկում եւ ժամը 16:30-18:00 Վանաձորում անցկացվող մեր հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար:
Միեւնույն ժամանակ՝ ոստիկանության ուշադրությունը հատուկ հրավիրում ենք մեր ավտոշարասյան անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որովհետեւ այս անգամ ավելի հավանական է, որ մեր նկատմամբ հարձակումները եւ այլ ոտնձգությունները կարող են կատարվել ճանապարհի՝ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում: Ինչպես արդեն նշվեց, նախորդ անգամ այդպիսի նախադեպ տեղի է ունեցել:
Մեր ավտոշարասյունը Երեւանից մեկնում է ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին Մերգելյան ինստիտուտի մոտակայքից եւ երթեւեկելու է Երեւան-Արթիկ-Վանաձոր-Երեւան երթուղով:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների եւ ավտոշարասյան նկատմամբ որեւէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա:





























