Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, նախորդ տարվա ամռանը հղիության 5-րդ ամսում մահացած 28-ամյա Նարինե Շարոյանի գործի դատաքննությունն արդեն սկսվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացածի ամուսինը` Գագիկ Մինասյանը` նշելով, որ արդեն երկու դատական նիստ է կայացել, բժշկուհու փաստաբանը միջնորդել է, որ հարցաքննության կանչվեն դեպքի օրը հերթապահած` գինեկոլոգիական բաժանմունքի բուժքույրերը:
«Պատճառն այն է, որ բժշկուհին պնդում է, իր նախաքննական ցուցմունքում էլ գրել է, թե մեզ հայտնել է, որ վիճակը շատ բարդ է, քույր է նշանակել, որը մեզ հետ եկել է ինֆեկցիոն բաժանմունք: Բայց իրականում, երբ մենք կնոջս տարանք, ինքը ստուգեց, ուրախ-զվարթ ասեց` ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կինս ասեց`բայց թույլ եմ, չեմ կարողանում քայլել, ինքն ասեց` ոնց չես կարում, վեր կաց, տարեք ինֆեկցիոն: Տարել ենք, ինֆեկցիոնում մեզ հարցրին` ինչի բժշկուհին չի եկել, վազել եմ նորից իր մոտ, մունաթ եկավ, ասեց` ուր գամ, ինձ ինչի են կանչել: Այդ ժամանակ նոր ինքը բուժքույրերից մեկին մեր հետ ուղարկեց ինֆեկցիոն»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Գագիկ Մինասյանը նշեց նաեւ, որ ցուցմունքում բժշկուհին գրել է, թե ինքը հիվանդի վիճակի մասին տեղեկացրել է հերթապահ գինեկոլոգին, այնինչ գինեկոլոգն ասում է, որ նման բան չկա:
«Բոլոր բժիշկների հետ զրուցել եմ, բոլորը մեղադրում են Հասմիկին, որ ինքը պետք է հիվանդին չուղարկեր ինֆեկցիոն, այլ ինֆեկցիոնիստին կանչեր գինկոլոգիական բաժանմունք: Թե հիմա ինչ պիտի ասեն այդ բուժքույրները, մենք չենք հասկանում»,- ասաց մահացածի ամուսինը`նշելով, որ իրենց միակ պահանջը արդար դատաքննությունն է:
Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել է, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել էր արնահոսել, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:
Դեպքի առթիվ «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:





























