Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակի ընկնելու եւ երիտասարդ կնոջ մահվան դեպքով նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը աաց, որ պարզվել է՝ այդ վերելակը շահագործել են առանց համապատասխան փորձաքննություն անցնելու: «Մեղավորը համատիրությունը եւ վերելակների սպասարկող կազմակերպությունն է, որը պարտավոր էր իրականացնել սպասարկումը պատշաճ ձեւով: Վերելակի անվտանգության համակարգը չի աշխատել, բայց իրենք ամեն ամիս տվել են, թե նորմալ է: Ւսկ համատիրության նախագահը պետք է ներկայացներ փորձաքննության, բայց չի ներկայացրել,այսինքն՝ ոչ պատշաճ հսկողություն է իրականացրել»,-ասաց Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ իրեն հասած տեղեկություններով՝ գործի շրջանակներում վերոնշյալ կառույցների ղեկավարները ներգրավված են որպես մեղադրյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել եւ վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին: