Այսօր՝ ապրիլի 7-ի առավոըյան, խուզարկությունից հետո բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանին, Գյումրիի պատասխանատու Արամ Հակոբյանին, Երեւանից բերման են ենթարկել նաեւ Գեւորգ Սաֆարյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ հայտնել է հետեւյալը. «Հիմնադիր Խորհրդարանի» Գյումրիի համակարգող Արամ Հակոբյանին ձերբալակել են, տարել են ՀԽ Գյումրիի գրասենյակ, այնտեղ են խուզարկում: Արամի սեփական տան տանիքից նոր փաթեթավորած նռնակ են գտել: Պատմում են, որ տան բոլորը մի քանի օր է` օտար ավտո է ֆռֆռացել»:

Ավելի վաղ նշվել էր, որ խուզարկություններից հետո բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումը՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: