Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր՝ ապրիլի 7-ին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները համեմատել է 50 տարի առաջ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը տեղի ունեցած դեպքերի հետ:

 Այս առնչությամբ նա հայտարարել է հետեւյալը.

«Ուղիղ 50 տարի առաջ, 1965թ. ապրիլի 24-ին, հայոց Ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը եւ դրա զոհերը:

Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տեւական բանակցությունների արդյունքում եւ «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով:

Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեծ տագնապեր ունեին, որ այն կարող էր վերաճել «հանրային անկարգությունների», բայց, չնայած Մոսկվայից ունեցած մեծ վախին, համարձակություն ունեցան նախնական ձերբակալություններ կամ «տնային կալանքներ» չկիրառել: «Հանրային անկարգություններ», այսինքն պլանով նախատեսված միջոցառումերից շեղումներ, իհարկե, եղան, որոնց, իհարկե, հետեւեցին նաեւ ձերբակալություններ, ընդ որում ձերբակալավածներին ԿԳԲ-ի սպաները բացատրում էին, որ նրանք «բռնաբարել են մեր մորալը», այլ կերպ ասած՝ «մեր բարոյականությունը», որը խարսխված է թուրք եղբայրների հետ համերաշխության վրա: Համենայն դեպս այս խոսակցությունը եղել է ԿԳԲ-ի գնդապետի եւ այն ժամանակ ուսանող Գեւորգ Բարդակչյանի միջեւ, եւ վերջինս հետագայում հրատարակել է իր այդ հուշերը:

Սփյուռքահայ ուսանող Գեւորգ Բարդակչյանն այն ժամանակ դեռ ռուսերեն չգիտեր, եւ «մորալ» բառը նրա մոտ ասոցացվել էր «եղջերու» /մարալ/ բառի հետ, որից վախեցած երիտասարդն սկսել էր հավաստիացնել, որ ինքը կենդանական հակումներ չունի: Հետագայում այդ մարդիկ ընկալվեցին որպես վտանգավոր, բացասական տաբուները եւ կաղապարները քանդող հերոսներ: Անցել է ուղիղ 50 տարի, հիմա 2015թ. է, Հայոց ցեղասպանության 100 տարին լրանում է խորհրդանշական ապրիլի 24ին:

Դեռեւս մոտ 17 օր կա, եւ այսօր սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները», որոնք, պետք է ենթադրել, հիմա էլ սպառնում են օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին» : Ժիրայր եւ Թորոս Սեֆիլյաններ, Մանուկյան, Ավետիսյան... Միթե եւս հիսուն տարի պետք է անցնի, որպեսզի «հանրությունը» հերթական անգամ ապրի իր իրավունքները, անկյունաքարային բարոյականությունն ու առաքինությունները դրսեւորելու հնարավորությունների ոտնահարումը կանխարգելելու գիտակցությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումը՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում:

Ըստ այդմ, խուզարկություններ են անցկացված նաեւ ՀԽ անդամների տներում: Խուզարկություններից հետո իրավապահները բերման են ենթարկել«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանին, Գյումրիի պատասխանատու Արամ Հակոբյանին, Երեւանից՝ նաեւ Գեւորգ Սաֆարյանին։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ հայտնել է հետեւյալը. «Հիմնադիր Խորհրդարանի» Գյումրիի համակարգող Արամ Հակոբյանին ձերբալակել են, տարել են ՀԽ Գյումրիի գրասենյակ, այնտեղ են խուզարկում: Արամի սեփական տան տանիքից նոր փաթեթավորած նռնակ են գտել: Պատմում են, որ տան բոլորը մի քանի օր է` օտար ավտո է ֆռֆռացել»:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: