Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ սպասվող համաներումից առաջ Քրեակատարողական հիմնարկներից սկսել են հավաքել դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթերը: NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն «Վարդաշեն», «Աբովյան» ՔԿՀ-ներից վերցրել են համապատասխան փաստաթղթեր, գործընթացը շարունակվում է:

Այդ փաստաթղթերի հիման վրա էլ ուսումնասիրություն է կատարվում, թե որ հոդվածների վրա ինչքանով տարածվի համաներումը: Դիտարկում են քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը, որ հոդվածով քանի դատապարտյալ կա, ինչպիսի վարք են ունեցել, ինչքան են կրել պատիժը եւ այլն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին լուրերը ոչ հերքվում, ոչ հաստատվում են:  Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ նախագահին: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հավանական է համարում համաներում հայտարարելու մասին խոսակցությունները: Նրա կարծիքով՝ դա կարող է լինել ապրիլի 10-15-ն ընկած ժամանակահատվածում: Փաստաբանի խոսքով՝  երկրի նախագահն, ստանալով նման առաջարկ, քննարկում է եւ դիմում ԱԺ-ին, հրավիրվում է արտահերթ նիստ: Փաստաբանը ենթադրում է, որ ամեն ինչ կարվի մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզօ մարդիկ դրսում կդիմավորեն Ցեղասպանությունը: Ենթադրվում է, որ այն կլինի ավելի մեծածավալ, քան նախորդը եւ կտարածվի բոլոր այն հանցագործությունների համար, որոնց համար պատիժ է նախատեսվում մինչեւ 5 տարվա ազատազրկումը: