Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է «կամովի հեռանալ, առանց արյան»:
Այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ հայտարարությանների ժամին, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների բնակարանները խուզարկելու, մի քանիսին էլ ձերբակալելու դեպքին՝ Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նշեց. «Պարոն Սերժ Սարգսյան, հասկանում ենք Ձեր խուճապը, վախը, հասկանում ենք, գնահատում ենք: Բայց ավելի ճիշտ կլինի, որ Դուք վախենաք Յանուկովիչի, Քադաֆիի ճակատագրից: Լավ կլինի, որ վախերը գնահատեք Ձեր մեջ եւ կամովի հեռանաք՝ առանց արյամբ: Անկախ նրանից՝ ում կձերբակալեք, ում բնակարանն ապօրինի կխուզարկեք, ում նկատմամբ հետապնդում կիրականացնեք, ինչ է տեղի ունենալու ապրիլի 24-ին, Դուք վախեցեք, որ արյունով եք գնալու: Մենք դա չենք ցանկանում, ոչ մեկս չի ցանկանում, որ հայ մարդու արյունը թափվի: Սթափվեք, հեռացեք եւ թույլ տվեք, որ հայ մարդն արժանապատիվ ապրի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Ձերբակալվածները 5-ն են՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուքասզյան։





























