Շառլ Ազնավուրը, որն արդեն չորս տարի համերգ չի ունեցել Փարիզում, այս տարվա սեպտեմբերին համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մայրաքաղաքում: Այս մասին հաղորդել է ֆրանսիական «RTL» ռադիոկայանը:
Երգիչը, որը մայիսի 22-ին նշելու է ծննդյան 91-րդ տարեդարձը, երբեք չի դադարել երգել աշխարհի բեմերում: Օրինակ՝ երկու շաբաթ հետո նա Մոսկվայում է լինելու: Իսկ փարիզյան համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին, 27-ին, Սպորտի պալատում: Ի դեպ, սա Փարիզի եզակի վայրերից է, որտեղ նա չի երգել:
Ազնավուրը, չնայած տարիքին, դեռեւս չափազանց աշխատասեր է: «Եթե չաշխատեմ, կմեռնեմ»,- խոստովանել է նա:
Փարիզյան համերգների ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն ծրագրում է կատարել իր նոր՝ 46-րդ ալբոմից, որը կոչվում է «Encores» եւ թողարկվելու է մեկ ամիս անց:
«Ես ավելի շատ նոր երգեր կկատարեմ, ինչպես նաեւ որոշ երգեր, որոնք երբեք չեմ ներկայացրել: Հանդիսատեսն ուրախ կլինի լսել դրանք, իսկ դա ամենակարեւորն է»,- ասել է Ազնավուրը:




























