Երեւանի Նոր-Նորք թաղամասում 2014թ. հուլիս 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլի» եւ Գագիկ Ղուկասյանի խափանման միջոցները փոխվել են՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից ելնելով: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ կրկնակի փորձաքննության՝ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա:

«Հիմարություն է գրված այդ եզրակացության մեջ: Ինքս կոռուպցիոն երեւույթների մասին կասկած ունեմ, այլ պարագայում սա չէր լինի»,- ասաց փաստաբանը, որին զարմացրել է դատախազի որոշումը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն արդեն իսկ միջնորդել են, որ նորից փորձաքննություն նշանակվի: Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով:

Նշենք, որ «Ջունգլին» եւ Գագիկ Ղուկասյանին ապրիլի 6-ին ազատ են արձակել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեղադրանքը մնացել է նույնը՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել էին։