Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի հետ լայն բանակցությունների կոչ է արել՝ Մերձավոր Արեւելքում հետագա արյունահեղությունը կանխելու համար: Այս մասին գրում է Farsnews-ը:

«Մենք պետք է միավորվենք եւ բանակցություններ վարենք ու կանխենք այդ արյունահեղությունը»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով, Թուրքիան եւ Իրանը «պետք է միջնորդի դեր կատարեն» Սիրիայի եւ Իրաքի հակամարտություններում: «Ինձ չի հետաքրքրում, սպանվածները սուննի են, թե՞ շիա: Ինձ հուզում է այն, որ նրանք մահմեդական են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական Hurriyet Daily News-ը:

Այցի ընթացքում Թուրքիայի եւ Իրանի նախագահները 8 համաձայնագիր են ստորագրել եւ ընդգծել տնտեսական կապերն ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը: