Արգելանք է դրված Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հարազատների հետ տեսակցության եւ հեռախոսազանգի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել նրանց այցելած Դիտորդական խումբը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 8-ին, մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ եւ հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ:
Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից եւ ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չեն հայտնել, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար:
Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ տեսակցության եւ հեռախոսազանգի վրա:
Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով՝ նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից եւ տպագիր մամուլից»:





























