Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որեւէ մեկը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը:
Նա վստահեցրել է, որ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չի ընդունվել:
«Համաձայն ԱԺ-ի կողմից հաստատված կարգի, գազի հանձնաժողովի որեւէ նիստում, չկա արձանագրություն նրա ընդունման, մասնակիցների եւ նրանց քվեարկության մասին, մի խոսքով, Ազգային ժողովին ներկայացված է կեղծ փաստաթուղթ, որի համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել որեւէ մեկը, բացի Վարդան Այվազյանից»,-հայտարարել է նա:
Ելույթի ընթացքում Զուրաբյանին ընդհատել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ ելույթի ավարտին Զուրաբյանն նշել է, որ անեկդոտ կցանկանար պատմել, որ կապվում է ԱԺ նախագահի հետ, սակայն քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, կբավարարվի միայն շնորհավորելով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակել է. «Քանի որ պարոն Սահակյանն ասաց, որ իր ծնունդն ամեն օր է, դուք պետք է միշտ սահմանափակվեք շնորհավորանքներով»:





























