ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել եւ դատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հեռախոսներով եւ լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























