Հայաստանի կառավարությունը չի կարող Գլխավոր դատախազությանը ցուցումներ տալ քրեաընթացակարգարգային հարցերում։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝  պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։ «Գործի էության հարցերին պատասխանելը դեռ վաղ է, եթե հաշվի առնենք, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Քննությունը շարունակվում է, եւ հուսամ, մենք արդար գործընթացի ականատեսներ կդառնանք»,- ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: