Շատուրում պետք է խափանման միջոց ընտրեն դպրոցի ուսուցչուհու նկատմամբ, ով իր աշակերտի սպանությունն է պատվիրել, նախնական տվյալներով՝ համադասարանցի աղջկա հանդեպ խանդի հողի վրա: Երաժշտության ուսուցչուհին 15-ամյա աշակերտի կյանքը 100 հազար ռուբլի է գնահատել:
Կնոջ սարսափելի մտադրությունը հաստատում են գաղտնի տեսանկարահանումները: Ընդ որում, ակնհայտ է, որ կինը պատանուն տանջալից մահ է ցանկացել: Բավական է միայն լսել, թե նա ինչպես է ձեւակերպում պատվերը. «Հարկավոր է կոտրել նրա ոտքերը, ջարդել երիկամները, որպեսզի ցավ զգա, որպեսզի արնաքամ լինի, հասկանո՞ւմ ես: Ես պետք է տեսնեմ, թե ինչպես է նա տառապում, եւ մահից առաջ մի քանի բառ ասեմ»,- հայտարարել է նա:
Սարսափելի է պատկերացնել, թե ինչպիսի ավարտ կունենար պատմությունը, եթե նրա կողքից ոչ թե քրեական հետախուզության աշխատակից լիներ, այլ իսկական վարձու մարդասպան:
«Նա դիմել է տեղի բնակիչներից մեկին՝ խնդրելով հանցագործությունը կատարող գտնել: Տղամարդը համաձայնել է, սակայն անմիջապես դիմել է ոստիկանություն: Արդյունքում ապրիլի 2-ին կինը հանդիպել է ոստիկանության ներկայացուցչի հետ, որը հանդես է եկել վարձու մարդասպանի դերում»,- պատմել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին:
Vesti-ի փոխանցմամբ, քննիչները ներկայում փորձում են պարզել, թե ինչ է կապում 51-ամյա կնոջն ու 15-ամյա դպրոցականին եւ, գլխավորը, ինչը կարող էր նման սարսափելի քայլի դրդել մանկավարժին: Որոշ տվյալների համաձայն, պատճառը խանդն ու կանացի վիրավորանքն է: Ուսուցչուհին, իբր, սիրահարված է եղել աշակերտին եւ սկսել է ուշադրության նշաններ ցուցաբերել դեռեւս երկու տարի առաջ, երբ տղան 13 տարեկան է եղել: Վարկածներից մեկի համաձայն՝ նա մերժել է ուսուցչուհուն, մեկ այլ վարկածով էլ՝ նրանք սեռական կապ են ունեցել:





























