Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել։

«Հետաքննության հանձնարարությամբ անցկացված հոգեբուժական փորձաքննության արդյունքում զինծառայողը մեղսունակ է ճանաչվել։ Սպանության պահին նա ամբողջովին գիտակցել է իր արարքը»,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

Աղբյուրի համաձայն՝ փորձաքննությունը անցկացվել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ եւ այս պահին ձերբակալված է Պերմյակովը։ «Փորձագետները որոշ հոգեկան շեղումներ են հայտնաբերել, սակայն ընդհանուր առմամբ նա մտավոր առողջ է ճանաչվել»,- ասել է աղբյուրը։

Եթե զինծառայողին անմեղսունակ ճանաչեին, նա կազատվեր քրեական պատասխանատվությունից եւ դատարանի որոշմամբ հնարավոր է, ուղարկվեր հարկադիր բուժման։ «Իսկ հիմա կան բոլոր հիմքերը նրան վերջնական մեղադրանք ներկայացնելու, հետագայում մեղադրական եզրակացության հաստատման ու գործը դատարան ուղարկելու համար»,- նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որին ձերբակալել էին հայ-թուրքական սահմանի մոտակայքում։