Վահագն Գեւորգյանը իմ ընկերն է, ես իրեն օգնելու եմ, ինչով կարող եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակը՝ Խաչիկ Գալստյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ինքը լինելու է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրվելիք Վահագն Գեւորգյանի մամուլի խոսնակը:
«Վահագն Գեւորգյանը խոսնակի կարիք չունի, նա իմ ընկերն է, ես իրեն օգնելու եմ, ինչով կարող եմ»,-ասաց Խաչիկ Գալստյանը: Իսկ թե կոնկրետ ինչով է օգնելու, նախկին մամուլի խոսնակն ասաց, որ վաղ է այդ մասին խոսել, թող առաջադրվի, նոր կքննարկեն այդ հարցերը:
Ի դեպ, Ծառուկյանի խոսանկությունից հեռանալուց հետո ավելի քան 3 տարի է՝ Խաչիկ Գալստյանը ԲՀԿ անդամ չէ, սառեցրել է հարաբերությունները կուսակցության հետ: Նա դրանից հետո եւ այժմ էլ զբաղվում է փորձագիտական եւ ակադեմիական աշխատանքով:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես կներգրավվի մայիսին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Նա ստանձնելու է թեկնածուներից Վահագն Գեւորգյանի մամուլի խոսնակի պարտականությունները:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Քաղաքապետի թեկնածուների պակաս Աբովյանում կարծես թե չի սպասվում»:




























