Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, ինչը առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երեւան քաղաքի բնակչուհի Գայանե Ճանճապանյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ  որդին՝  Արթուր  Գրիգորյանը 2015թ. հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 6-ն ստացիոնար բուժում է ստացել  «Էրեբունի » Բ/Կ-ում, որտեղ ռեւմատոլոգիայի բաժնի վարիչի եւ որպես թոքաբան հրավիրված մասնագետի կողմից ոչ ճիշտ ախտորոշման հետեւանքով չի հայտնաբերվել որդու մոտ առկա «Միլիար տուբերկուլոզ» հիվանդությունը, կատարվել է հակացուցված բուժում,  ինչի հետեւանքով որդին փետրվարի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում մահացել է:

Բնակչուհու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են  ապրիլի 1-ին եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառը եւ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական հնարավոր խախտումները։