Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Սելինա Օզուզուն Դողանը համարձակ հայտարարություն է արել 1915-ի հետ կապված։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝  ստամբուլահայ փաստաբան Սելինա Օզուզուն Դողանից լրագրողը հետաքրքրվել է, թե նա ինչ է մտածում 1915-ի վերաբերյալ, որին հայուհին պատասխանել է, թե 1915-ին տեղի ունեցած ողբերգությունը Թուրքիայում այսօր էլ շարունակվում է։ «Հետապնդումները շարունակվում են»։ Քանի դեռ շարունակվում է ժխտողական քաղաքականությունը, հետապնդումները չեն դադարի։ Ապրիլի 24-ին լինելու եմ Թաքսիմի հրապարակում սգո միջոցառմանը»,-պատասխանել է Սելինան։

Նշենք, որ CHP-ն Սելինա Օզուզուն Դողանին պատգամավորի թեկնածու է առաջադրել Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից՝ նրան տալով առաջին հորիզոնականը, այսինքն՝ հայ թեկնածուն անցողիկ տեղում է գտնվում։

Հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին: