Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլին Նորվեգիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչները:

«Նորվեգիայում նման մասշտաբով միջոցառումների անցկացումը ցույց է տալիս, որ մեծ գիտնական, հումանիստ, հայ ժողովրդի իրավունքների քարոզիչ Ֆրիտյոֆ Նանսենի երկիրն ու ժողովուրդը շարունակում է նրա առաքելությունը եւ արդարության վերականգնում են պահանջում՝ անկախ իրենց կառավորության վիճելի դիրքորոշումից»,- նշեցին կազմակերպությունում:

Միջոցառումներ են նախանշված Օսլոյում, Բերգենում եւ Ատավանգերում: Փետրվարին եւ մարտին արդեն ավելի քան 12 միջոցառում է անցկացվել, մի մասը՝ Նորվեգիայի ԱԳՆ-ի եւ «Fritt Ord» հիմնադրամի աջակցությամբ: Ապրիլին այստեղ ավելի քան տասը տարբեր մշակութային ձեռնարկ է նախանշված:

Մասնավորապես, ապրիլի 14-ին Օսլոյի Թագավորական տաճարում կայանալու է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Ապրիլի 18-ին էլ հանրային դասախոսություններ կլինեն հայտնի գործարար Գալուստ Գյուլբենկյանի մասին՝ «Վերապրել եւ բարգավաճել» անվանումով:

Միջազգային PEN-ակումբի նորվեգական մասնաճյուղի ամենամյա հավաքի շրջանակում ապրիլի 21-ին Օսլոյում սեմինար կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով, որի ընթացքում նախանշված է հանդիպում թուրք հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի հետ:

Իսկ ապրիլի 24-ի երեկոյան Օսլոյում Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերթ կանցկացվի: Նույն օրը Ստավանգերում պատարագ կմատուցվի ցեղասպանության հետեւանքով նահատակվածների հիշատակին, ինչպես նաեւ հիշատակի արարողություն տեղի կունենա Բերգենում: